"Ջուր" ծրագիրը

"Շուշի" բարեգործական հիմնադրամի կողմից իրականացված ուսումնասիրությունների հիման վրա ԱՄՆ-ում մի խումբ ճարտարապետներ ձեռնարկել են Շուշիի գլխավոր հատակագծի մշակումը: Սակայն 1500 մ բարձրության վրա գտնվող քաղաքը առաջին հերթին ջրի խնդրի շտապ լուծում է պահանջում, այլապես քաղաքի զարգացումը վտանգված կլինի: Մեր հիմնադրամի կողմից "Ջուր" ծրագրով ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հնարավոր է Քիրս լեռան լանջերից հավաքել եւ բերդաքաղաք հասցնել 35 լ/վրկ ջուր, որը բավարար է 15 հազար բնակիչ եվ զբոսաշրջիկ ունեցող քաղաքի համար: Մեր նախաձեռնությամբ մարտի սկզբից մասնագետներից կազմված արշավախումբը կսկսի ուսումնասիրման եւ նախագծման աշխատանքները: Նախնական հաշվարկով ջրերը Շուշիում կուտակելը եվ բաշխումը կարժենա շուրջ մեկ միլիոն դոլար:

Եկեք վերակերտենք Շուշին

Հայ գործարարները ժամանակին կառուցել են Բաքուն, Թբիլիսին, Գանձակը, Սումգայիթը…
Այսօր ով է հիշում կամ գնահատում դա: Ընդհակառակը, հոյակերտ շենքերի ճակատներից ջնջում, հանում են մեծ բարերարներ Մանթաշովի, Արամյանցի, մյուսների անունները…
Միմիայն հայրենիքում կառուցածը կարող է գնահատվել, ինչպես եւ հավերժացնել կառուցողի, ներդրողի անունը:

ՙ'Շուշի' բարեգործական հիմնադրամը, ելնելով Շուշի քաղաքի զարգացման իր հայեցակարգից, ինչպես եւ եվրոպական նմանատիպ քաղաքների վերակառուցման փորձից, մշակել է քաղաքային մի հատվածի` գունավոր հեռուստատեսության հիմնադիր Հովհաննես Ադամյանի անվան փողոցի 19-րդ դարի ճարտարապետական միջավայրի վերականգնման ծրագիրը:
Իշխանություններից ստանալով քաղաքի այդ հատվածի վերակառուցման իրավունքը, ՙՇուշի՚ հիմնադրամը պայմանագիր է կնքում իրավաբանական այն սուբյեկտների հետ, որոնք պատրաստ են վերականգնել տվյալ շենքը, նրա շինարարության ավարտից հետո ներդնել շահավետ բիզնես` ելնելով քաղաքի զբոսաշրջության զարգացման պահանջներից: Շինարարության իրականացումն ու հսկողությունը իրականացվում է հիմնադրամի կողմից:

Փողոցի ինժեներական եւ միջավայրային կահավորումը` ջրահեռացում, լուսավորություն, կանաչապատում, սալարկում, փոքր ճարտարապետական ձեւավորում, 1428 թ. Շուշիի Ավետարանի ստեղծող, գրիչ Տեր Մանուելի քանդակի պատրաստում եւ տեղադրում, եւս մտցվում է յուրաքանչյուր շենքի վերականգնման նախահաշվի մեջ: Հիմնադրամը շինարարության ընթացքի, ծախսերի մասին ներդրողներին պարբերաբար տեղեկություն կհաղորդի www.shoushi.am կայքում: Փողոցը փոքր է, որն էլ հնարավոր է դարձնում երկու տարում ավարտել քաղաքային այս հատվածի արագ վերակերտումը: Փողոցի ամբողջական վերակառուցումը կավարտվի 2008 թ. աշնանը:

Փողոցը շրջապատող 10 շենքերը վերակառուցումից հետո կունենան տարատեսակ գործառություններ եւ կսպասարկեն քաղաք այցելած զբոսաշրջիկներին: Արդեն սկսվել է արեւելյան բաղնիքի (No 1) վերականգնումը: No 2 շենքը կծառայի որպես հասարարական ճաշարան, որտեղ Շուշիի հյուրերը կստանան բարձրորակ սնունդ: No 5 շենքը կծառայի որպես բարձրակարգ հյուրանոց: Հրապարակ ունեցող No 7 շենքը կվերականգնվի որպես արեւելյան թեյարան` ղեյլանով, արեւելյան համեմունքներով: No 9 շենքում, ըստ նախագծողների, կտեղադրվի հուշանվերների արտադրություն` իր խանութով: Նրա դիմացի շենքը (No 10) կվերակերտվի որպես մշակութային կենտրոն: Այստեղ տեղադրված Լուսանկարչության ազգային թանգարանի սրահներում այցելուները լուսանկարների միջոցով կծանոթանան սփյուռքի ու Հայաստանի տարբեր համայնքների կյանքին, պատմությանն ու անվանի գործիչներին: Մշակույթի կենտրոնում իր տեղը կունենա նաեւ XX դարի տեղային պատերազմների ֆոտոխրոնիկա Էլեկտրոնային թանգարանը, որտեղ գիտնականները կուսումնասիրեն նման պատերազմները կանխելու հնարավորությունները:

Քաղաքը կզարգանա նոր միջավայրի շնչով: Այն օրինակ կդառնա Շուշիի հետագա զարգացման համար, միեւնույն ժամանակ կվերածվի նոր մտածելակերպի` իր հետ բերելով նոր մշակույթ:
Շուշի քաղաքի փրկությունը յուրաքանչյուր հայի պարտքն է` անկախ նրա ծննդավայրից, բնակության վայրից:
ՙ
'Շուշի՚ հիմնադրամը կոչ է անում գործարարներին, կազմակերպությունների, ձեռնարկությունների ղեկավարներին, Սփյուռքի համայնքներին միանալ հայոց լեգենդար բերդաքաղաքի վերականգնման այս ձեռնարկին:
Արդ. եկեք ուղղենք մեր նախնիների սխալները եւ կառուցենք մե’ր հայրենիքում:
Շուշին սպասում է Ձեզ:
                                                                                        Բակուր Կարապետյան



 
Հայտարարություն

"Շուշի" բարեգործական հիմնադրամի հրատարակչությունը 2005 թ. սեպտեմբերի 1-ից ձեռնարկել է "Արցախյան գոյամարտի համահավաք" մատենաշարի ստեղծումը: Ձայնագրվում են Արցախյան շարժման, ջոկատների կազմավորման, 1992-1994 թթ. Արցախ-Ադրբեջան պատերազմի մասնակիցները: Հավաքվել ու համակարգիչ է մուտքագրվել ութ հատոր նյութ:
Հիմնադրամը սկսել է առաջին հատորի սահմանափակ քանակով բաժանորդագրությունը: Արժեքն է 5000 դրամ:
Բաժանորդագրվելու համար դիմել` ՀՀ ԳԱԱ, Ֆունդամենտալ գրադարանի շենք, "Շուշի" հիմնադրամի գրասենյակ, հասցեն` Երեւան-19, Բաղրամյան պող. 24դ/710: Արտասահմանից բաժանորդագրվել ցանկացողները կարող են 7720 դրամ գումարին համարժեք տարադրամը փոխանցել "Շուշի" բարեգործական հիմնադրամի "Յունիբանկի" հաշվին, հ/հ No 241001541929 EUR, կամ No 241001141928 USD, նշելով անուն-ազգանունը, հասցեն, էլ. հասցեն, հրատարակչությանը տեղյակ պահելով bakour@shoushi.am էլ. հասցեով: Հիմնադրամը պարտավորվում է անմիջապես ուղարկել բաժանորդագրման անդորրագիրը, լույս ընծայումից հետո` մատենաշարի առաջին հատորը:



Շուշիի մշակութային ժառանգության ուսումնասիրման գիտաժողով. Ստեփանակերտ

2006 թ. հուլիսի 8-9 Արցախի պետական համալսարանում տեղի ունեցավ “Շուշի” բարեգործական հիմնադրամի “Շուշիի եւ նրա շրջակայքի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման եւ Շուշի քաղաքի զարգացման համալիր ծրագրով իրականացված աշխատանքների առաջին արդյունքները եւ հեռանկարը” ցուցահանդես-գիտաժողով: Ավելին...




Սկաուտական նոր ճամբար Շուշիում
Շուշի բերդաքաղաքի ամենավերին մասում, ուր սկսվում է փշատերեւ անտառը, օգոստոսյան այս օրերին լցվել է պատանեկան անսովոր աշխույժով: Թեհրանի "Րաֆֆու մարզա-մշակութային համալիրի" ՚ սքաուտական բաժանմունքի, Արցախի "Հայկի սերունդ" եւ Զանգեզուրի "Սյունյաց արծիվներ" երիտասարդական կազմակերպությունների համագործակցության ու համատեղ ջանքերի շնորհիվ այսպես Շուշիում ծնունդ առավ առաջին համահայկական "Հայորդիներ" վրանային ճամբարը: Ավելին...



"Շուշի" հիմնադրամը բելգիահայ բարերար Ժ. Պողոսյանի եւ Բեյրութի կաթոլիկ համայնքի օժանդակությամբ 2004-05 թթ. $25 000 գումարով իրականացրել է հետեւյալ աշխատանքները. Ավելին...


 
 
Գլխավոր էջ | Հանրաքվե | Պատմություն | Ծրագրեր | Ընթացիկ ծրագրեր | Լուսանկարներ | Հետադարձ կապ