|
Շուշիի մշակութային ժառանգության ուսումնասիրման գիտաժողով. Ստեփանակերտ
ՙ2006 թ. հուլիսի 8-9 Արցախի պետական համալսարանում տեղի ունեցավ “Շուշի” բարեգործական հիմնադրամի “Շուշիի եւ նրա շրջակայքի պատմամշակութային ժառանգության ուսումնասիրման եւ Շուշի քաղաքի զարգացման համալիր ծրագրով իրականացված աշխատանքների առաջին արդյունքները եւ հեռանկարը” ցուցահանդես-գիտաժողով:
Համալսարանի հայագիտական կենտրոնում ներկայացված էին բերդաքաղաքի պատմաճարտարապետական հուշարձանների չափագրումները, որն իրականացվել է ճարտարապետական արշավախմբերի կողմից` ճարտարապետական գիտությունների թեկնածու Սարհատ Պետրոսյանի գլխավորությամբ, եւ Շուշիի ու նրա շրջակայքի հնագիտական պեղումների արդյունքները` պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ:
Ժողովի առաջին նիստին նախագահում էին Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք Ամենապատիվ եւ Գերերջանիկ Տեր Ներսես Պետրոս ԺԹ եւ ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Կամո Աթայանը:
Առաջին նիստին զեկուցումով հանդես եկան “Շուշի” հիմնադրամի կառավարիչ, գրող Բակուր Կարապետյանը, ճարտարապետական արշավախմբի ղեկավար Սարհատ Պետրոսյանը, հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, պրոֆեսոր Դավիթ Քերթմենջյանը:
Երկրորդ նիստի ժամանակ զեկուցեցին Շուշիի Պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանը, Արցախի Հուշարձանների պահպանության վարչության պետ Սլավա Սարգսյանը:
Գիտաժողովը կազմակերպել էին հայրենադարձության եւ հիմնավորման “Երկր” հասարակական կազմակերպությունների միությունը եւ “Կենաց ծառ” մշակութային հետազոտությունների կենտրոնը, Արցախի պետական համալսարանը: |
|